Զոհված զինծառայողների հարազատները և մի շարք ընդդիմադիր գործիչներ Երևանում բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ «Քաղաքացու օրվա»։ Ակցիան մեկնարկել է Հայաստանի խորհրդարանի շենքի մոտ, որտեղից մասնակիցները երթով շարժվել են Երևանի կենտրոնական փողոցներով։ Նրանք ձեռքներին պահում էին զոհված զինվորների լուսանկարները և «Սպանված քաղաքացու օրը» մակագրությամբ պաստառներ։
Երթը ավարտվեց Հյուսիսային պողոտայում գտնվող «Քայլող մարդու» հուշարձանի մոտ։ Ցուցարարները հուշարձանի վրա կարմիր կտոր են ամրացրել և դրան կցել պետական պաշտոնյաների լուսանկարները։ «Սա արյան խորհրդանիշ է և արյուն կրող մարդկանց լուսանկարներ»,- հայտարարեց ցուցարարներից մեկը։
Միջոցառմանը ներկա էին նաև մի շարք ընդդիմադիր գործիչներ, մասնավորապես՝ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, նախկին պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը և այլք։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը: 2019 թվականի մարտի 21-ին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի փոփոխություններին, որոնցում առաջարկվել է սահմանել Քաղաքացու օրը՝ որպես նոր տոն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







