Ինչի՞ն է սպասում ՀՀ իշխանությունը և ինչո՞ւ է շտապում Ռուսաստանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ընդգծելով, որ ՌԴ առաջարկը ՀԱՊԿ դիտորդներ/խաղաղապահներ ՀՀ առաջնագծում տեղակայելու և ռազմատեխնիկական համագործակցության նոր փաթեթի վերաբերյալ ուշագրավ վիճակ է ստեղծել:
«Թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՊԿ ռազմատեխնիկական աջակցության ծրագիրը, կողմերից որևէ մեկը փակագծեր չի բացում: Երկրորդ, պետք է հասկանալ, թե ինչ առաջարկ է արվել ՀՀ իշխանությանը ՀԱՊԿ դիտորդների կամ խաղաղապահների տեղակայման վերաբերյալ, արդյո՞ք մանրամասներ կան նրանց մանդատի, գործառույթների և հնարավոր տեղակայումների վերաբերյալ»,- գրել է Աբրահամյանը:
Նա նշել է, որ այս հարցերը չափազանց կարևոր են, որովհետև իրենց հետ մեծ թվով հարցադրումներ են բերելու:
«Եթե առաջարկվող ռազմատեխնիկական փաթեթը ՀՀ-ի համար կենսական կարևորություն ներկայացնող սպառազինություն և տեխնիկա է ենթադրում, իսկ ՀԱՊԿ ներկայությունը կարող է զսպող գործոն դառնալ, ապա ինչո՞ւ այն նվազագույնը քննարկման առարկա չի դառնում»,- ընդգծել է պատգամավորը:
Աբրահամյանի խոսքով՝ ՌԴ-ից վերջին օրերին ակտիվ հայտարարություններ են հնչում, իսկ ՀՀ իշխանությունը տարօրինակ լռություն է պահպանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






