ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կորոմինան մտահոգություն է հայտնել մարտի 5-ին Արցախում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Մտահոգված եմ Խանքենդի/Ստեփանակերտի մերձակայքում մահվան ելքով միջադեպի մասին հաղորդագրություններով։ Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանի շուրջ չլուծված հարցերը կարգավորելու հրատապ անհրաժեշտությունը։ ՆԱՏՕ — ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը», — գրել է նա Twitter-ում։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվեսիայի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, կա մեկ վիրավոր: Զոհված ծառայողներն են փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







