«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռ շարունակում է եռալ։ Թեեւ կուսակցության ներսում գործած ընտրակեղծարարների խումբը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից եւ կոնկրետ ցուցակ շրջանառել, թե ում պետք է քվեարկել՝ որպես վարչության անդամ, ամեն դեպքում, նաեւ այլ խոսակցություն է եղել վերջին նիստի ժամանակ։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջեւ չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։ Ավելին՝ հայտնել է, թե արդեն ուժայիններին հանձնարարել է վարչության ընտրությունների սրահի բոլոր տեսախցիկներն առգրավել՝ պարզելու, թե ով կամ ովքեր են եղել կեղծարարները։ Երեկ տեղեկացանք, որ տեսախցիկներն արդեն առգրավվել են, եւ արդեն պարզվել է մի խիստ ուշագրավ հանգամանք։ Պարզվում է՝ այն սրահի դուռը, որտեղ պետք է պահվեին քվեատուփն ու ցուցակները, պետք է փակ լիներ, ավելին՝ կապարակնքված, սակայն ո՛չ դուռը, ո՛չ արկղը, ըստ տեղեկությունների, կապարակնքված չեն եղել։
Ստացվում է՝ ընտրակեղծիքներ կատարելու ճանապարհը բաց է եղել։ Հաշվիչ հանձնաժողովի անդամները պետք է պատասխան տան, թե ում հրահանգով կամ ինչ նպատակով են թույլ տվել այդ կոպիտ խախտումը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին կայացած ՔՊ 6-րդ համաժողովի ընթացքում տեղի ունեցած Վարչության ընտրությունների առնչությամբ ստացված դիմումի հիման վրա իրականացվել էր քվեաթերթիկների վերահաշվարկ: ՔՊ-ն հրապարակել էր վերահաշվարկի արդյունքում ձևավորված վարչության կազմը:
Ավելի վաղ տեղի էր ունեցել ՔՊ 6-րդ համաժողով: ՔՊ վարչության անդամների քվեարկությանը մասնակցել էր 1024 անձ, անվավեր էր ճանաչվել 53 քվաթերթիկ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






