ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման մասին թուրք լրագրողի հարցին, ընդգծել է, որ ռուսական կողմն օգտագործում է «երթուղի» տերմինը։
«Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը։ Սոչիում (Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների) գագաթնաժողովում քննարկվել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը։ Համապատասխան աշխատանքը կշարունակվի եռակողմ աշխատանքային խմբում, որը ղեկավարում են երեք երկրների փոխվարչապետերը»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է Ռուսաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ Երևանի և Բաքվի միջև քննարկումները շարունակվելու են։
«Մենք կոռեկտ չենք համարում հայ-ադրբեջանական կարգավորման որոշ զգայուն հարցերի քննարկումը, քանի որ դա կարող է խանգարել բանակցային գործընթացին», — մեջբերել է Զախարովան ՌԴ նախագահի խոսքերը։
Ինչ վերաբերում է Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, ապա, դիվանագետի խոսքով, դրանք պատվիրակությունների բանակցություններ չէին, դա դեմ առ դեմ զրույց էր, որը տեղի ունեցավ նախագահների միջև բանակցությունների համատեքստում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






