Հոկտեմբերի 31-ի եռակողմ հանդիպմանը խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ համագումարից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա ընգծեց, որ բանակցությունները շատ ժամանակ լինում են գաղտնի և ոչ հրապարակային։ Հարցին՝ Վլադիմիր Պուտինը նշում է, թե հայկական կողմը հակված է վաշինգտոնյան տարբերակին, Սուքիասյանը պատասխանեց. «Ես այդպիսի բան չեմ լսել, և նաև չեմ լսել, որ Վլադիմիր Պուտինն ասի, թե մեր իշխանությունները հակված են վաշինգտոնյան տարբերակին, ես ուշադիր լսել եմ իր ելույթը»։
Սուքիասյանն ընդգծեց, որ կա ռուսական և արևմտյան մոտեցում, սակայն ՀՀ վարչապետն ասել է, որ սեպտեմբերից համաձայնություն է ձեռք բերվել աշխատել ռուսական առաջարկի ուղղությամբ։
«Ըստ իս, ռուսական տարբերակում՝ ԼՂ հարցում կա ստատուս քվոյի կարգավիճակ, բայց Ադրբեջանն էլ պետք է համաձայնության գա։ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը, կարծում եմ, խաղաղության պայմանագիր չի ստորագրվի»,- ասաց Սուքիասյանը։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի երեկ կայացածհանդիմանը, Սուքիասյանը շեշտեց․ «Քաղաքականությունը և դիվանագիտական ժամանակակից մոտեցումներն այն են, որ տարածաշրջանում լարումներ չլինեն։ Կարծում եմ՝ էմոցիոնալ ցանկացած փաստաթուղթ բերելու է որոշակի լարվածության, հակառակ դեպքում՝ ՀԱՊԿ-ին համահունչ ներկայացվել է ամեն ինչ»։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հանդիմանը քննարկվել է Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ: Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






