Կառավարությունը հաստատել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ 2022 թվականին աջակցություն ստացած 33 մարզական ֆեդերացիաների փոխարեն 2023 թվականին ֆինանսական աջակցություն կստանան 36-ը: Լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն է առաջացել նաև դոպինգի դեմ պայքարում: 2022 թվականին մարզական միջոցառումների օրացույցում հայտնվել են նոր մրցումներ, որոնք դոպինգի օգտագործման տեսանկյունից բարձր ռիսկեր ունեն: Մասնավորապես, պարտադիր է դարձել դոպինգ թեստավորման (20-24 թեստ) անցկացումը «Վարչապետի գավաթ» հեծանվավազքի, լողի և վազքի մրցումների ժամանակ: 2022-2024 թվականներին Հայաստանում կայանալու են միջազգային խոշոր մրցումներ՝ աշխարհի և Եվրոպայի առաջնություններ, որտեղ մեծ թվով թեստերի քանակը (80-100 թեստ) ևս պարտադիր է։
Նախատեսվում է 2 նոր միջոցառում՝ Ամառային օլիմպիական խաղերին նախապատրաստվելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրում,
ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի անցկացում:
Այսպիսով՝ սպորտի բնագավառի պետական քաղաքականությունը միտված է երկու կարևոր նպատակների: Առաջինը բնակչության տարբեր տարիքային խմբերի առօրյայում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արմատավորման համալիր ծրագրերի իրագործումն է, որը ներառում է բնակչության բոլոր շերտերի ներգրավվածությունը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասսայականացման, բնակչության ֆիզիկական դաuտիարակության, ընդհանուր ֆիզիկական պատրաստության մակարդակի բարձրացման, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի արմատավորման շրջանակը:
Երկրորդ առաջնահերթությունը միտված է միջազգային մրցասպարեզներում հայ մարզիկների մեդալների նվաճմանը, նոր ռեկորդների գրանցմանը, օլիմպիական և պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում, ազգային և այլ մարզաձևերում, ադապտիվ սպորտում նոր հաջողությունների արձանագրմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







