Վճռականորեն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում տեղ գտած խիստ վտանգավոր և հակազգային դիրքորոշումներն ու մոտեցումները, և այդ հիմքով Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորովածությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակը:
«Վճռականօրէն դատապարտում ենք վերջին օրերին ՀՀ վարչապետի հրապարակային ելոյթներում տեղ գտած խիստ վտանգաւոր և հակազգային դիրքորոշումներն ու մօտեցումները, և այդ հիմքով Պրահայում ևրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքում ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները։
Յայտարարում ենք.
– ՀՀ վարչապետը և իշխող վարչախումբը չեն սպասարկում հայկական շահերը և չունեն լեգիտիմ մանդատ Հայաստանի ու հայութեան անունից ստորագրելու որևէ փաստաթուղթ, որը հարցականի տակ է դնում Հայաստանի և Արցախի ինքնիշխանութիւնն ու հայ ժողովրդի շահերը։
– Միջազգային իրաւունքի սկզբունքների և նորմերի կոպիտ ոտնահարմամբ, մասնաւորապէս ուժի կիրառման և ուժի սպառնալիքի կիրառման, ինչպէս նաև Ադրբեջանի կողմից բացայայտ ագրեսիայի և Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնագրաւման պայմաններում՝ սահմանազատման և սահմանագծման ուղղութեամբ ցանկացած գործընթացի նախաձեռնում և իրականացում անընդունելի է։
– Արցախն իր ինքնիշխանութիւնը հռչակել է միջազգային և ներպետական իրաւական կառուցակարգերին համապատասխան և այն սակարկման ենթակայ չէ։
– Հայաստանի Հանրապետութիւնը որևէ պարագայում չի կարող հրաժարուել Արցախի ժողովրդի անվտանգութեան և ինքնորոշման իրաւունքի երաշխաւորի կարգավիճակից։ Նման քայլը անխուսափելիօրէն կը յանգեցնի Արցախի հայաթափմանն ու արցախահայութեան հայրենազրկմանը։
Ակնկալում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հաւատարիմ կը մնան իրենց ստանձնած մանդատին ու պարտաւորութիւններին և հետևողական կը լինեն հռչակուած սկզբունքների հիման վրայ Արցախի հիմնախնդրի կարգաւորման հարցում։
Կո՛չ ենք ուղղում հայ ժողովրդին չտրուել իշխանութեան կողմից սերմանուող պարտուողական տրամադրութիւններին, չյուսահատուել, համախմբուել ազգային ուժերի շուրջ և բեկում մտցնել իրավիճակի մէջ։ Դա ենթադրում է արմատական փոփոխութիւններ երեք հիմնական ուղղութիւններով.
ա) Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան վերականգնումով համահայկական զօրաշարժի իրականացում,
բ) պաշտպանութեան և անվտանգութեան հրատապ խնդիրների լուծում,
գ) կենսական զիջումները բացառելուն ուղղուած արտաքին զօրակցութեան ապահովում:
Այս առաջնահերթ խնդիրների լուծումը հնարաւոր է միայն ժողովրդի վստահութիւնը վայելող ազգային համաձայնութեան նոր կառավարութեան ձևաւորման դէպքում։
Մենք վճռական ենք, յստակ պատկերացնում ենք մեր անելիքները և կոչ ենք անում միասնական պայքարի։
Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
8 Հոկտեմբեր, 2022 թ.»,-նշվում է հայտարարության մեջ։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






