Լեռնային Ղարաբաղի անկախություն հնարավոր էր, եթե Ադրբեջանը համաձայներ դրան։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի եթերում հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Ըստ Թորոսյանի՝ միջազգային հանրությունը միշտ ինքնորոշման իրավունքը դիտարկել է տարածքային ամբողջականության իրավունքին ստորադաս։ «Իսկ 2016-ին մենք սին հույսեր ենք փայփայել, որ փակ դռների հետևում Ալիևին ճնշելու են, որ ճանաչի Արցախի անկախությունը», — նշեց նա՝ հավելելով, որ այս ամենից պետք է հետևություններ անենք։
«Մեր բանակցությունները միտված են նրան, որպեսզի մենք կարողանանք արցախահայության իրավունքների ամբողջական պաշտպանությամբ ապահովենք նրանց շարունակական ապրելն իրենց պատմական հայրենիքում։ Բանակցությունների բարդությունը դրանում է», — նշեց նա։
Ավելի վաղ ՝ ապրիլին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է նվազեցնել նշաձողը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։ Սեպտեմբերին հայկական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Փաշինյանը Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով հանձնարարել է կառավարությանը արագացնել Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի տեքստի պատրաստման աշխատանքները, որի նախնական տարբերակը պետք է պատրաստ լինի մինչեւ նոյեմբերի կեսերը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






