Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորընտիր վարչապետ էլիզաբեթ Թրասին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ բազմաշերտ համագործակցության հետագա զարգացումն ու խորացումը։ Նա հույս է հայտնել, որ Թրասի կառավարման օրոք հայ-բրիտանական հարաբերությունները նոր խթան և որակ կստանան։
Վարչապետը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ հասարակությանը։
«Այս տարի հոբելյանական տարի է հայ-բրիտանական հարաբերություններում։ Այս երեք տասնամյակների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունները հետևողականորեն զարգացել են՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական, կրթամշակութային կապերը և տնտեսական համագործակցությունը»,- ասել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում դեռևս առկա է չիրացված ներուժ, ինչի վերհանման և իրագործման հարցում ակնկալում է սերտ համագործակցություն Միացյալ Թագավորության նոր կառավարության հետ՝ ուղղված հայ-բրիտանական օրակարգը նոր նախագծերով հարստացնելուն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






