ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգերի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու վերաբերյալ պնդումները: Այս մասին գրում է Ermenihaber-ը:
Ավելի վաղ նման պնդում էր առաջ քաշել պաշտոնական Անկարան: Իր հերթին հունական կողմը հերքել էր այդ պնդումները:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարցին անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության անանուն պաշտոնյաներից մեկը:
Նա մասնավորապես նշել է.
«Մենք շարունակում ենք կոչ անել ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներ՝ Հունաստանին և Թուրքիային տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով լուծել և ապահովել տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը: Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից և գործողություններից, որոնք ավելի կթեժացնեն լարվածությունը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է տեղեկատվություն տրամադրել՝ ՆԱՏՕ-ին Էգեյան ծովի օդային տարածքում հունական ՀՕՊ համակարգելի կողմից թուրքական ինքնաթիռները նշանառության տակ առնելու լուրերի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







