Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 27-ին հայտնաբերվել է կեղծ լուրեր տարածող անձ։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա հայտնաբերվել է Հրազդանի կիրճում, բաժին է տարվել և ձերբակալվել։ Նա 59-ամյա Արմեն Խ.-ն է, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը) մեղադրանքով:
Արմեն Խ․-ի նկատմամբ կիրառվել է ստորագրություն՝ որպես խափանման միջոց:
Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգերը։ Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ օգոստոսի 16-ի առավոտյան ԱԻՆ ահազանգ է ստացվել մետրոյի բոլոր կայարանների ռումբի տեղադրաման ահազանգի մասին, որից հետո բոլոր ուղեւորները տարհանվել են։
Հաղորդագրությունը ստուգելու համար ներգրավված են եղել սակրավորները: Արտակարգ իրավիճակների նախարարությունից պարզաբանել են, որ մետրոյում պայթուցիկների մասին հաղորդագրությունը երրորդն է մեկ ամսվա ընթացքում։ Հայաստանի ԱԻՆ-ը օգոստոսի 2-ին և օգոստոսի 14-ին կեղծ ահազանգեր է ստացել մետրոպոլիտենի ականապատման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







