Բաքվի կենտրոնում նախօրեին՝ կեսօրին մոտ անհետացել է ակտիվիստ Բախտիյար Գաջիևը։ Նա հասցրել է ուղիղ հեռարձակում սկսել սոցցանցում, սակայն ձայնագրությունն ավարտվել է երկրորդ վայրկյանին։ Այս մասին գրում են ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցները։
Միայն վեց ժամ անց հայտնի է դարձել, որ Գաջիևը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից։ Վեց ժամ Գաջիևի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չի եղել։ Պաշտոնական հաղորդագրություններ նույնպես չեն ստացվել։ Երեկոյին մոտ իրավապաշտպան Ռուֆատ Սաֆարովը հայտնել է Բախտիյար Գաջիևի ազատման մասին։
Նա նաև հայտարարել է Ադրբեջանի քաղաքացիությունից հրաժարվելու իր մտադրության մասին։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ չորս ամիս առաջ՝ 2022 թվականի ապրիլին, Բախտիյար Գաջիևը առևանգվել էր Բաքվի իր տան մոտից։ Այն բանից հետո, երբ նրան հաջողվել է ազատվել, ակտիվիստը պատմել է, որ իր գլխին պարկ են հագցրել, տարել են անհայտ ուղղությամբ։ Առևանգողները Գաջիևին կոչ են արել հրաժարվել Ադրբեջանի ներքին գործերի նախարարի հասցեին հնչած մեղադրանքներից: Ծեծելուց և ծաղրելուց հետո ակտիվիստին ազատ են արձակել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







