«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարություն ստեղծելու վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի սեպտեմբերին:
Մեր տեղեկություններով՝ ներքին գործերի սուպերնախարարի պաշտոնին հավակնում է ՔՊ-ական պատգամավոր, Պաշտպանության նախարարի անկատար երազանքը սրտում պահած Անդրանիկ Քոչարյանը։
Մեզ ասացին, սակայն, որ Քոչարյանի դեմ ներթիմային հուժկու արշավ է իրականացվում: Ընդ որում՝ նրա նշանակումը փորձում են կանխել իշխանության «ստարիկները» ՝ Վիգեն Խաչատրյան, Գագիկ Ջհանգիրյան եւ այլք, որոնք կանխատեսում են Քոչարյանի նշանակման աղետաբեր հետեւանքները»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն նաեւ մեղադրանք է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, եւ նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին:
Նախկին ու ներկա իշխանությունների օրոք զենքի առեւտրով ու ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը եւ քրոջորդին կալանքի տակ էին մինչեւ ՊՆ գեներալին կալանավորելը: Այսօր նրանք ազատության մեջ են, իսկ գեներալ Հարությունյանը կալանքի տակ է: Ինչպես, ինչի դիմաց՝ անհասկանալի է: Գալստյանը կարողանում է բոլոր իշխանությունների օրոք հարցեր լուծել, անպատիժ մնալ:
Դեռեւս երկու տարի առաջ տեղեկացրել էինք, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը իր ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ: Դրանց դիմաց Գալստյանը 1 մլն 83.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: Փաստորեն, չկրակող արկերը պետության վրա վաճառողը ազատության մեջ է»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած երկրում ստեղծված իրավիճակին, ՔՊ-ում այս պահի դրությամբ չեն հետաձգել սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը։ Ավելին, համագումարում ընտրվելիք վարչության անդամների թեկնածուների շրջանում նախընտրական եռուզեռ է, ծրագրեր են գրում, տեսլականներ մշակում` կուսակցության գործունեության վերաբերյալ, քանի որ շաբաթներ անց՝ օգոստոսի 18-19-ից մեկնարկելու է թեկնածուների ընտրության նախընտրական փուլը։ Կստեղծվի ներկուսակցական հարթակ, որում ընդգրկված կլինեն ընտրիչներն ու ընտրվողները եւ վարչության անդամության համար պայքարողները հանդես կգան նախընտրական ելույթներով, կպատասխանեն թիմակիցների հարցերին։ Եւ չնայած կուսակցության կանոնադրական այս պահանջներին, ՔՊ-ում շատերը համոզված են, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ովքեր են տեղ գտնելու ՔՊ վարչությունում, կամ այսպես կոչված՝ իր նեղ կռուգում, ովքեր` դուրս կմնան: Առաջադրված թեկնածուները 48-ն են, վարչության կազմը՝ 15 հոգանոց։
Համագումարին ընդառաջ` կուսակցությունում ավարտին են հասցնում նաեւ կուսակցության նոր մարմնի՝ Խորհրդի ձեւավորումը: Մոտ երկու ամիս է ՔՊ մարզային եւ տարածքային խորհուրդների ընտրությունն է ընթանում: Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ 5-6 խորհուրդ է մնում ընտրել, որից հետո կձեւավորվի ՔՊ մեծ խորհուրդը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ հետհեղափոխական Հայաստանում Սևանը ցանկապատերից ազատելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի օրոք նոր շքեղ առանձնատուն է կառուցվում Սևանա լճի ափին: Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է դղյակը կառուցում՝ շիննորմերի տարաբնույթ խախումներով: Բայց դրա վրա աչք է փակում Կառավարությունը, քանի որ ղարաբաղցի Արմանը ՔՊ-ի սիրելի օլիգարխն է: Նա նաև պետական մրցույթներում է գրեթե միշտ հաղթում:
Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Հակոբջանյանը Սևան ազգային պարկին պատկանող տարածքը նվեր է ստացել 2018-ին՝ հեղափոխության տարում, իսկ նախագծման թույլտվությունը ստացել է 2019-ին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի օրոք՝ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի ստորագրությամբ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






