ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը Twitter-ում անդրադարձել է Համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի հաջողություններին։
«Ուզբեկսանի և Հնդկաստանի թիմերի կողմից անհավանական ելույթներ եղան, բայց ինձ համար Հայաստանն առանձնահատուկ է։ Արծաթ նվաճելն ու ոսկուն այդքան մոտ լինելն ուղղակի անհավատալի է. ես հպարտ եմ դրա համար։ Հուսով եմ, որ այս սենսացիոն խաղն իր արժանի ճանաչումը կստանա»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականն այսօր 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Իսպանիայի ընտրանու նկատմամբ և վաստակել 19 միավոր։ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել, իսկ Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի հաշվով:
Ուզբեկստանի հավաքականը վերջին տուրում մրցում է Նիդեռլանդների հավաքականի հետ։ Հենց այս դիմակայությունում էլ կվճռվի տիտղոսի հարցը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նախորդ տուրերում հայ շախմատիստները հաղթել են Ադրբեջանի (3:1), Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1), Եգիպտոսի (2.5:1.5), Ավստրիայի (3:1), Անգլիայի (2,5: 1,5) և Հնդկաստանի B (2,5: 1,5) հավաքականներին, ոչ-ոքի խաղացել ԱՄՆ-ի ընտրանու հետ (2:2) և պարտվել Ուզբեկստանին (1:3):
Շախմատի համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը։ Օլիմպիադայում տեղի կունենա 11 տուր։ Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց հավաքականներով։ Տղամարդկանց թիմում ընդգրկված են շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







