Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ են հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին Միացյալ Նահանգների ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Վահագն Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետության կարևորագույն գործընկերներից է: Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև առկա բարեկամությունը, ինչպես նաև բազմոլորտ սերտ համագործակցությունը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կամրապնդենք առկա փոխգործակցությունը՝ հարստացնելով երկկողմ օրակարգը և ընդլայնելով գործընկերային հարաբերությունները ռազմավարական երկխոսության շրջանակներում:
Բարձր ենք գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունն ու ջանքերը՝ ուղղված ինչպես մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը, այնպես էլ ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին»:
Նիկոլ Փաշինյանի ուղերձում ասվում է․
«Մեր երկու պետությունների և ժողովուրդների միջև բարեկամությունն ու գործընկերությունը խարսխված են ընդհանուր արժեքների, փոխվստահության և բարեկամության վրա: Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարության ամրապնդման հարցում մեր կառավարությունների միջև համագործակցությունը և երկուստեք հանձնառությունը տալիս են շոշափելի արդյունքներ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






