Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիսթեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցության դեմ Թուրքիայի առարկություններն իր համար անակնկալ էին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
«Ես զարմացած էի Թուրքիայի դիրքորոշմամբ, սակայն մենք պետք է լրջորեն վերաբերվենք այն թեմաներին, որոնց շուրջ Թուրքիան անհանգստություն է հայտնում: Հուսանք, որ կհաջողվի բոլորին բավարարող լուծում գտնել»,- ասել է նա Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ անդամակցության շուրջ քննարկումները շարունակվում են:
«Կարևոր է Թուրքիային որքան հնարավոր է շատ պատմել այն մասին, թե ինչ է արդեն արվել Ֆինլանդիայում այն բանի համար, ինչ պահանջում է Թուրքիան: Ֆինլանդիան ահաբեկչության դեմ պայքարում շահագրգռված է այնքանով, որքանով ՆԱՏՕ-ի մյուս երկրները: Եվ այս առումով երբեմն դժվար է հասկանալ Թուրքիայի կարծիքը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան արգելափակել էր ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտի քննարկման գործընթացը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արգելափակումը կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) նկատմամբ Ստոկհոլմի և Հելսինկիի դիրքորոշման հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







