Հայաստան կատարած իր այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հրավերով այցելել է «Հավերժության այգի»: Այս մասին տեղեկանում ենք Արտակ Թովմասյանի Facebook-յան էջից:
«Այս տարի լրանում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30 տարին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման 20 տարին։ Կազմակերպության հոբելյանը Հայաստանում նշվեց «Հավերժության այգու» խորհրդանշական ծառատունկով:
Հայաստան կատարած իր այցի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, իմ հրավերով, այցելեց մեր այգի, ծանոթացավ «Հավերժության այգու» գաղափարին, շինարարության պատմությանը, տեղի առանձնահատկություններին, մասնակցեց ծառատունկի արարողությանը: Այս ծառը, անկասկած, կդառնա պետական մակարդակով զարգացող և ընդլայնվող հարաբերությունների լավագույն խորհրդանիշը»,-գրել է Ա. Թովմասյանը:
Այգին կառուցվել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կողմից՝ ի հիշատակ պատերազմի ժամանակ զոհված հայորդիների, ինչպես նաև գիտության, մշակույթի և սպորտի գործիչների։ Այն գտնվում է Երևանից Ապարան տանող ճանապարհին:




© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







