ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է՝ 2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից գումարներ են փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող, Իտալիայի Հանրապետության քաղաքացիների համար արտերկրում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15.000-25.000 եվրոյի չափով:
Որդեգրման պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15.000-25.000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1.200.000 եվրո:
Պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը, երկարամյա գործունեության բերումով, ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա՝ բաղկացած ինչպես որդեգրումների բնագավառում որոշակի գործառույթներ իրականացնող պետական մարմիններից, այնպես էլ՝ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող բուժհաստատության աշխատակիցներից, և ձևավորելով ընկերական, մտերիմ հարաբերություններ, օգտագործելով նրանց հնարավորությունները՝ վերջիններիս ծառայեցրել է որդեգրման գործընթացն ավելի արագ և դյուրին իրականացնելուն, այդ պրոցեսում հնարավոր խոչընդոտները վերացնելուն:
Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը, հետորդեգրման հաշվետվությունները երեխաներին ընդունած երկրներից օտար լեզվով ստանալուց հետո չեն կազմակերպել դրանց հայերեն թարգմանությունները, որի արդյունքում ակնհայտ է դարձել, որ այդ հաշվետվություններն ընդունելը կրել է զուտ ձևական բնույթ: Ներկայացված յուրաքանչյուր իտալացու համար մշտապես կազմվել և Արդարադատության նախարարի հաստատմանն են ներկայացրել դրական եզրակացություններ և, չունենալով այդպիսի գործառույթ կատարելու իրավասություն, իրականացրել են որդեգրման ենթակա երեխաների և որդեգրող անձի տվյալների համադրում, որոշ դեպքերում շրջանցել են նաև որդեգրման պրոցեսի կողմերի առերես հանդիպումների պահանջը և իտալացիների դիմումներն ընդունել են Իտալիայից՝ առանց երեխային նրանց կողմից փաստացի տեսակցելու:
Ավելին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել որդեգրման կազմակերպմանը հասնելու ճանապարհին հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին: Բազմաթիվ դեպքերում «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին է տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող, որդեգրել ցանկացող, այդ թվում՝ երբևէ հիշյալ կազմակերպություն չայցելած անձանց տվյալները, որոնք անհրաժեշտության դեպքում վերջինիս կողմից ներկայացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և, ՀՀ քաղաքացիների կողմից այդ երեխաներին որդեգրելու ցանկություն չհայտնելու վերաբերյալ պատրանք ստեղծելու նպատակով, ներկայացրել է իբրև որդեգրման ենթակա երեխաներին այցելած և որդեգրելու ցանկություն չհայտնած անձինք:
Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները: Վաղաժամ ծննդաբերությունները կանխելու նպատակով պատշաճ բուժմիջամտություն կազմակերպելու փոխարեն «ընդառաջ են գնացել հղիների՝ վաղաժամ ծննդալուծվելու խնդրանքին». ծննդաբերությունը խթանող դեղերով ու շտապօգնության կեղծ կանչերով ընդունել են նրանց և իրականացրել ծննդալուծումները, ինչի արդյունքում նորածինները ծնվել են բարդացած առողջական խնդիրներով՝ այդ կերպ չեզոքացնելով ՀՀ քաղաքացիների կողմից նորածինների որդեգրումը, ապահովելով օտարերկրացիների կողմից որդեգրման հնարավորությունը: Հիշյալ ընկերության փոխտնօրենն իր հերթին կազմել է այդ երեխաների էպիկրիզները, հավաքագրել նրանց մանկատուն տեղավորելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և երեխաներին տեղավորել մանկատանը: Որոշ դեպքերում էլ երեխայի խնամքը ծնողի կողմից ստանձնելու ցանկությունը բացառել են՝ երեխաներին ներկայացնելով առողջական լուրջ խնդիրներով կամ անխուսափելի հաշմանդամություն կրողներ:
Քննությամբ պարզվել է նաև, որ երեխաների որդեգրումը կազմակերպող և իրականացնող վերոհիշյալ անձը Կազմակերպություններից և իտալացի որդեգրողներից երեխաների վաճառքի գումարը կազմող դրամական միջոցները ստացել է նաև որդեգրման գործընթացում թարգմանություններ կատարող իր ծանոթի միջոցով, ով գրավոր և բանավոր թարգմանություններ կատարելուց զատ համաձայնել է օժանդակել երեխաների փաստացի վաճառքն իրականացնելն ավարտին հասցնելուն՝ իր հաշվեհամարին ստանալով երեխաների որդեգրման համար փոխանցվող գումարները:
Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետը, ով ևս տարիներ շարունակ ճանաչել է մանուկների որդեգրմամբ զբաղվող հիշյալ անձին և նրա հետ ունեցել մտերիմ հարաբերություններ, այդ հարաբերությունների տակ քողարկված անձնական շահագրգռվածությամբ պայմանավորված, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ ցուցում տալով «Գյումրու «Երեխաների տուն»» ՊՈԱԿ-ի տնօրենին արգելել երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքներին վերադարձնելու նախաձեռնությամբ հանդես եկող հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետագա մուտքը մանկատուն, թույլ տվել աշխատակիցներին միմյանց փոխարեն հասնալիություն ունենալ համապատասխան էլեկտրոնային համակարգում առկա տեղեկատվությանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







