ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից պարզաբանում է պահանջել մի շարք հարցերի վերաբերյալ և ստացել է պատասխան գրություններ։ Ներկայացնելով հարցերը՝ նա նշել է․
«1․ Խաղաղ բողոքի ակցիաների և հանրահավաքների սկսման օրվանից մինչև այսօր անհամաչափ ուժ գործադրած ոստիկանները նույնականացվե՞լ են, թե՞ ոչ։
2․ Ոստիկանների գործողությունների կապակցությամբ ոստիկանության քանի՞ ծառայողի նկատմամբ է ծառայողական քննություն նշանակվել։
3․ Ոստիկանության ծառայողների նկատմամբ հարուցված ծառայողական քննություններն ի՞նչ փուլում են։
4․ Քաղաքացիների նկատմամբ ո՞ր ոստիկաններն են բռնություն գործադրել, և դրանց հիմքով քանի՞ քրեական գործ է հարցուցվել։
Մեկ այլ գրությամբ ոստիկանապետին տեղեկացրել էի, որ մայիսի 23-ին ոստիկանության ծառայողը իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացու հասցեին բացահայտ հայհոյանք էր հնչեցրել, և խնդրել էի դիտարկել ծառայողական քննություն նշանակելու մասին հարցը և ինձ տրամադրել տեղեկատվություն։
Եվ ահա ստացել եմ պատասխան գրություններ, ըստ որոնց՝ քաղաքացու հասցեին հայհոյանք հնչեցրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, իսկ ապրիլի 18-ից սկսած քաղաքացիական անհնազանդության տարբեր ակցիաների ընթացքում ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ սկսվել են թվով 47 ծառայողական քննություններ, որոնցից 2-ի արդյունքները թողնվել են անհետևանք, 3-ի ընթացքը կասեցվել է, մնացածն ընթացքի մեջ է։ Ոստիկանության ծառայողների գործողությունների վերաբերյալ հարուցվել է թվով 10 քրեական գործ։ Կարգապահական կամ այլ բնույթի խախտումներ կատարած ոստիկանական ծառայողների նույնականացումն և նրանց շրջանակը կհստակեցվի ծառայողական քննությունների վերջնական արդյունքներով»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժումն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում, որոնց ընթացքում փակվում են փողոցներ, իրականացվում են երթեր, հանրահավաքներ, ավտոերթեր դեպի մարզեր։ Պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Անհնազանդությա ակցիաների հիմքում Արցախի հարցն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







