Շատ նորմալ վիճակ է, որևիցե խուճապ չկա։ ՀՀ քաղաքացիներն ընդամենը 8 ամիս առաջ իրենց ընտրությունն են արել, իսկ այն, ինչ անում է ընդդիմությունը, իրենց իրավունքն է, ի դեպ՝ նաև հեղափոխության կողմից տրված իրավունքը։ Իսկ եթե քաղաքացիներն ուզում են նոր իշխանություն ձևավորել, դա անում են ընտրությունների միջոցով։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող անհնազանդության ակցիաներին։
«Ուզում եմ ոստիկանությանը շնորհակալություն հայտնել իրենց աշխատանքի համար»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ ոստիկանությունը բոքսում է քաղաքացիներին, Սիմոնյանը արձագանքեց․ «Խնդրում եմ ձեր լեքսիկոնից հանեք «ոստիկանությունը բոքսում է» արտահայտությունը։ Մի դեպքը ընդհանրացնել պետք չի։ Ես ոստիկանության գործողությունները համաչափ եմ համարում»։
Նա նշել է, որ ներքաղաքական ճգնաժամ ու լարում չի տեսնում․ «Այն ուժերը, որոնք պարտվեցին ընտրություններում, հիմա փորձում են նույն դերակատարներով, նույն ագրեսիայով ու քաղաքացիներին որևէ ասելիք չունենալով՝ ինչ-որ ալիք բարձրացնել»։
Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ հիմա ևս պատրաստ են համագործակցել ընդդիմության հետ, Փաշինյանի հետ հանդիպման առաջարկը ևս ուժի մեջ է․ «Բայց ես մտավախություն ունեմ, որ իրենք այդ օրակարգը մերժում են, որովհետև այն իրենց համար փակուղային կլինի։ Մեր ընդդիմությունն այսօր բավականին վատ վիճակում է հայտնվել, այս փորձից հետո շատերը, կարծում եմ, չպետք է վերադառնան այս դահլիճ, որովհետև իրենց քաղաքական ասելիքը սպառված է»։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը երեկվանից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






