«Իրավունք» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականի սեպտեմբերից ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Արթուր Դավթյանը կանգնել է երկընտրանքի առաջ: Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները պահանջում են նրանից, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչն անելն իհարկե կարող է հղի լինել իր համար վտանգներով: Ուստի, շրջանառվող լուրերի համաձայն, Դավթյանը կգնա երրորդ ճանապարհով` ոչ կմերժի զոհվածների հարազատների պահանջը, ոչ էլ կբավարարի, այլ զուտ ժամանակ կձգի: Խնդիրն այն է, որ նրա պաշտոնավարման վեց տարին լրանում է սեպտեմբերին, հետեւաբար նրան պետք է ձգել եւս մի քանի ամիս ու «գլուխը պրծացնել», մանավանդ, որ ըստ շշուկների` դատախազությունում արդեն իսկ կատաղի պայքար է գնում գլխավոր դատախազի աթոռը զբաղեցնելու համար»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երեք օր է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ներգրավելու մասին միջնորդությունը: Զոհվածների ծնողները սպասում են նախաքննական մարմնի պատասխանին, որը դեռես լուռ է, սակայն երկու օրից պետք է տա հստակ պատասխան՝ կա՛մ զոհվածների հարազատների միջնորդությունը բավարարում է, կա՛մ ոչ : «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդոթյան հարցը հետաձգի՝ նշելով, թե կա որոշակի փաստերի ստուգման գործընթաց, որի հետազոտման արդյունքում նոր կարող են որոշում կայացնել: Ասել է թե՝ զոհված զինծառայողների ծնողների աղմուկը հանգստացնելու համար ոչ կմերժի նրանց միջնորդությունը, ոչ էլ այս փուլում կբավարարի: Ի Վերջո, ինչ որոշման կգնան, դեռեւս պարզ չէ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ընդդիմության ապակենտրոն, ցանցային ակցիաների կուլմինացիան հայտարարվել է, որ տեղի կունենա մայիսի 1-ին: Այդ օրը նախատեսվում է մեծ հանրահավաք, սակայն սա ոչ թե հայտարարված պայքարի վերջն է, այլ, կարծես թե, վճռական սկիզբը: Թերթը պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի դիմումը` մայիսի 2-ին` ժամը` 22.00-ից մինչեւ մայիսի 9-ը` ժամը` 23.00-ն Ազատության հրապարակում հավաքների անցկացման վերաբերյալ: Իսկ վրանների տեղադրումը կրկին մերժվել է: «Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար Կարեն Արայանը եւս դիմել է քաղաքապետարանին` շուրջօրյա հանրահավաքներ իրականացնելու համար` մինչեւ մայիսի 20-ը: Լույսիբանակցիները նախատեսում են «Բարեկամություն» մետրոյի կայարանի հարակից տարածքից` Բաղրամյան պողոտա-Սարյանի արձանի հարակից տարածք երթուղով երթեր եւ Սարյանի արձանի հարակից տարածքում հավաքներ անցկացնել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի գործուղումներին նորից սկսել են նրա հետ մեկնել ընտանիքի անդամները: Մի ժամանակ կինն էր մեկնում, հիմա՝ որդին։ Փետրվարի 24-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին կատարած ուղեւորությանը, պարզվում է, մասնակցել է նաեւ Աշոտ Փաշինյանը։ Ղազախստանցի մեր հայրենակիցը պատմեց, որ Աշոտիկին` իր տարօրինակ հագուկապով, տեսել են Նուր-Սուլթանում շրջելիս։ Նրա հետ նաեւ ուղեկցող է եղել, որպեսզի «բան ասող» չլինի։ Մենք դիմեցինք կառավարության լրատվականին` խնդրելով ասել՝ Աշոտ Փաշինյանը հոր հետ մեկնե՞լ է Ղազաստան: Մեզ մի քանի օր շարունակ չէր հաջողվում այս պարզ հարցի պատասխանը ստանալ, ի վերջո` ասացին. «Չենք մեկնաբանում»՝ հասկացնելով, որ հերքել չեն կարող, չեն ուզում նաեւ հաստատել` Փաշինյանը պաշտոնական պատվիրակության մեջ չի եղել: Երեւի ինքնաթիռում տեղ է եղել, ցանկացել է Նուր-Սուլթանը տեսնել` պապայի հետ, բյուջեի հաշվին մեկնել է»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Մայիսի 1-ին՝ ժամը 16:00-ին Երեւանում տեղի է ունենալու վերջին տարիների ամենահուժկու հանրահավաքը»․ նախօրեին հայտարարեց հակաիշխանական պայքարի առաջնորդներից մեկը՝ ԱԺ փոխնախագահ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը։ Շուրջ երկու շաբաթ իշխանությունների հրաժարականի պահանջով մայրաքաղաքում եւ մարզերում պայքարի դուրս եկած խմբերը մայիսի 1-ին մեկտեղվելու են մայրաքաղաքում։ Խոսքը հատկապես Արթուր Վանեցյանի, «Հայաստան» դաշինքի, ՀՀԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի մասին է: Պայքարին մյուս ուժերից մասնակցում են «5165» եւ Ազատագրական շարժումները: Ենթադրվում է, որ մեծ հանրահավաքն անցկացվելու է Հանրապետության հրապարակում»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







