Իշխանությունը բացառապես առաջնորդվում է վախերով, դրա համար էլ դարձել են ադրբեջանա-թուրքական քմահաճույքների սպասարկման գործիք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակում ասել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ խոչընդոտվել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացումը։
Լսումները նվիրված էին լինելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին։
Armenia Today-ի հարցին՝ շարունակելու եք լսումներն իրականացնելու պահանջները, թե ոչ, նա պատասխանեց․ Միանշանակ պահանջելու ենք, թեպետ մեր նպատակակն էր այն անցկացնել մինչև ապրիլի 24-ը։
Մեր թղթակցի մյուս հարցին, թե ե՞րբ են կոնկրետ գործողություններ սկսելու՝ նա հայտնեց․ «Ապրիլի 23-ից սկսած լինելու են շատ մեծամասշտաբ բողոքի գործողություններ»։
Հիշեցնենք, որ ըստ «Հայաստան» խմբակցության ավելի վաղ արված հայտարարության՝ քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է վերոնշյալ լսումների համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






