Ռուսաստանը երաշխավորում է Հայաստանի անվտանգության ապահովման աջակցությունն այն դեպքերում, եթե սպառնալիք առաջանա նրա ամբողջականության, անկախության և ինքնիշխանության համար։ Այս մասին իր հեռագրում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարևը։
Նա նշել է, որ Ռուսաստանը նպատակամղված Է ԱՊՀ բոլոր երկրների հետ կառուցողական երկխոսությանն ու բարիդրացիությանը, սակայն դրանց շարքում ՌԴ առանցքային ռազմավարական գործընկերներից մեկը Հայաստանն է: «Մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի գծով և երաշխավորում ենք Հայաստանի անվտանգության ապահովման աջակցությունն այն դեպքերում, եթե վտանգ առաջանա նրա ամբողջականության, անկախության, ինքնիշխանության համար։ Գյումրիի ռուսական ռազմակայանը Ասիական տարածաշրջանը արտաքին ագրեսիայից պաշտպանելու ֆորպոստ է»,- ընդգծել է ռուս սենատորը:
Նա հիշեցրել է, որ երբ 2020թ. աշնանը հերթական անգամ պատերազմ սկսվեց, Ռուսաստանն անգնահատելի և վճռորոշ ներդրում ունեցավ դրա խաղաղ կարգավորման գործում:
«Այժմ Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը, որը տեղակայված է Լեռնային Ղարաբաղում, ապահովում է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանումը, կանխում է ռազմական գործողությունների կրկնությունը, խոչընդոտում է խաղաղ բնակիչների հնարավոր ցեղասպանությանը։ Ըստ էության, մեր նախագահի ընտրած արտաքին քաղաքականության ուղեգծի շնորհիվ Ռուսաստանն իրեն վերադարձրեց պաշտպան երկրի դարավոր կարգավիճակը»,-նշել է Բոնդարևը։
Նա տեղեկացրել է նաև, որ գործընկերների հետ Հայաստան է մեկնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
«Շատ հագեցած ծրագիր է սպասվում»,- ընդգծել Է սենատորը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






