«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախի փրկության կարգախոսով նստացույց է անում Ազատության հրապարակում։ Թվում էր, թե արցախահայությունը եւ հատկապես արցախցի հանրահայտ դեմքերը՝ քաղաքական գործիչներից սկսած, վերջացրած մտավորականներով եւ գեներալիտետով, պետք է միանային Արցախի համար պայքարին, սակայն նրանք ընդհատակ են անցել։ Միայն «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն է, որ մի քանի օր է՝ Ազատության հրապարակում է` Վանեցյանի կողքին, նախօրեին էլ իրազեկման երթի առաջին շարքերում էր»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ կատարած այցի շրջանակում ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ: Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռքբերվել, ըստ որի՝ Հայաստանում կավելանա ռուսաց լեզվի ուսուցիչների թիվը: Կարևորվել է դիմորդներին մոտիվացնելու գործընթացը՝ մանկավարժի որակավորում ստանալու և ռուսերենով դասավանդելու համար և այլն: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս առումով թերթի հետ զրույցում նախ հիշեցրել է մինչ այս ռուսաց լեզվի շուրջ ծավալված գործընթացների մասին. «Ինձ այստեղ ավելի շատ զարմացնում է հետևյալը: Քաղաքական կոնկրետ ուժի կամ հասարակական հատվածի ներկայացուցիչները երկար տարիներ «դոշ էին ծեծում», ասում, թե դեմ են ռուսական դպրոցների ստեղծմանը, այս առումով անգամ շարժումներ էին սկսվել»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Հայաստան» դաշինքի պատգամավորները` Արթուր Վանեցյանի նստացույց անելու օրվանից սկսած, հայտարարում են, թե ընդդիմությունն ապակենտրոն, ցանցային պայքար է տանելու, եւ դրա մեկնարկը պատրաստվում էին տալ ԱԺ լսումներով` ապրիլի 21-ին, որը չեղարկվեց, իսկ կուլմինացիան ապրիլի 23-ից էր սկսվելու՝ ՀՅԴ երիտասարդների ավանդական ջահերով երթով, որին այս տարի հնարավոր է պատմական նրբերանգներ հաղորդեն՝ Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի լեյտմոտիվներով։ Երիտասարդները, ավանդույթի համաձայն, ջահերով կբարձրանան Ծիծեռնակաբերդ, սակայն այնտեղից ոչ թե տուն կգնան, այլ կգիշերեն, որպեսզի հաջորդ օրը շարունակեն երթը։ Ամեն դեպքում, սա լինելու է յուրօրինակ ուժի ցուցադրություն, իսկ դրանից հետո կմեկնարկեն բողոքի ակցիաները»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում զբաղված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի PR-ով. օրաթերթի տեղեկություններով՝ նրա թիմակիցներն անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի այս պահին որեւէ պաշտոն չզբաղեցնող Ավինյանին քաղաքապետ կարգեն: Թեեւ մեկ տարուց ավելի ժամանակ կա Երեւանի քաղաքապետի ընտրություններին, բայց իշխող ՔՊ-ն մտավախություն ունի. «Քաղաքական իշխանությունները լավ են հասկանում, որ հատկապես քաղաքամայր Երեւանում վաղուց արդեն համակրանք չեն վայելում, վարկանիշն էլ գնալով ընկնում է, հետեւաբար զօրուգիշեր աշխատում են, թաքնված քարոզչություն են իրականացնում եւ այլն»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը նախօրեին պաշտոնական այցով Մոսկվա էր մեկնել ոչ թե կառավարական ինքնաթիռով՝ «թիվ մեկ բորտով», այլ՝ «Արմենիա» ավիաընկերության օդանավով։ Կառավարության լրատվականից հայտնեցին, որ «թիվ մեկ բորտը» տեխսպասարկման է կանգնել, ուստի վարձակալել են «Արմենիա»-ի օդանավը։ Թե որքան գումար են հատկացրել բյուջեից օդանավի վարձակալության համար, կառավարությունից դժվարացան ասել։ Հարցին՝ «թիվ 1 բորտը» տեխսպասարկմա՞ն է կանգնել, թե՞ տեխնիկական խնդիրներ է ունեցել, ասացին՝ տարեկան տեխսպասարկում է անցնում։ Հիշեցնենք, որ անցյալ տարի ճիշտ այս ժամանակահատվածում վարչապետին սպասարկող օդանավը խափանվել էր Կազան կատարած այցի ժամանակ, եւ Փաշինյանին Երեւան հասցնելու համար այլ օդանավ էին գտել»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







