ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Դատական կարգադրիչների ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի կողմից ստորագրվել է «ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության ծրագիրը»:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ծրագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2022-2023թթ-ին իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, այդ թվում.
• Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակության այց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
• Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակության մասնակցություն՝ հարկադիր կատարման հարցերով առաջին միջազգային ֆորումին:
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ առավելապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որը կնպաստի նաև Հարկադիր կատարման ծառայության բարեփոխմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







