ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանում է Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ տեղեկացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա շեշտել է, որ Արցախի Ազգային ժողովն ու Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, որն առաջարկում է Հայաստանի իշխանությունը:
«ՀՀ գործող իշխանությունն ասել էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին, սակայն Արցախի ժողովուրդը դեմ է այդպիսի լուծմանը և Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ»,- նշել է Թևանյանը։
Անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում հայկական կողմի նշաձողն իջեցնելու վերաբերյալ վարչապետի հայտարարությանը՝ Անդրանիկ Թևանյանն ասել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների որևէ ներկայացուցիչ չի հայտարարել այն մասին, որ Հայաստանը պետք է իջեցնի նշաձողը կարգավիճակի հետ կապված:
Պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը հստակ քայլեր չի ձեռնարկում, բացի տարբեր վայրերում դրոշներ տեղադրելուց՝ ընդդիմադիր պատգամավորն ընդգծել է, որ ընդդիմությունն այժմ պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով փողոցային պայքարի ընթացքում նախկինում թույլ տված սխալները: Նա նաև նշել է, որ ընդդիմադիրներն իրենց մանդատն ու կարգավիճակը ոչ թե որպես իրավունք ու հնարավորություն են դիտարկում, այլ որպես պատասխանատվություն:
«Այո, մենք ունենք արդյունավետ գործելու խնդիր: Դրոշը տեղադրելը զուտ խորհրդանշական նշանակություն ուներ եւ փորձը ցույց տվեց, որ ճիշտ ենք արել: Պետք է այնպես անենք, որ արդյունք ունենանք, զուտ հանրահավաքով չլինի եւ ակտիվացնենք փողոցային պայքարը: Իշխանափոխությունը պետք է անել մաքսիմալ այնպես, որ Հայաստանն ու Արցախը չվնասվեն»,- նկատել է ընդդիմադիր պատգամավորը:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել և հայտարարություն ընդունել։
Արցախի ԱԺ-ն ընդունած հայտարարությամբ պահանջում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով: Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






