ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Այս մասին կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։
Նրա խոսքով՝ քննարկել են այն, ինչ վերջին 2 տարվա ընթացքում քննարկվել ու արձանագրվել է նաև Բրյուսելում` երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով։ Բացի այս, Միրզոյանի փոխանցամբ՝ քննարկել են սահմանագծման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կնքվելիք պայմանագրի բանակցությունների մեկնարկի շուրջ հարցեր։ Միրզոյանը հստակեցրեց, որ երկկողմ ձևաչափ չկա․ եղել է խոսակցություն բանակցությունների մեկնարկի մասին։
ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հայկական կողմը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։
«Այդ ձևաչափն ուժի մեջ է, ոչ ոք չի չեղարկել։ Ցավոք սրտի, համանախագահող երկրների միջև հակասությունները հայտնի պատճառներով բարենպաստ չեն, որպեսզի երեք կողմերով կարողանան քննարկում կազմակերպել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ այդ իմաստով որևէ վակուում առաջանա»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի հաղորդագրության՝ նախարարները մտքեր են փոխանակել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման և հումանիտար խնդիրների վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






