Խորհրդարանական ընդդիմության քաղաքական միտքը հանրապետության այս կամ այն վայրում Արցախի դրոշը տեղադրելուց այն կողմ չի անցնում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Ըստ նրա՝ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան մարդիկ, որոնք կարող են քաղաքական միտք գեներացնել և օրակարգ ստեղծել, սակայն, զբաղված են անհասկանալի գործողություններով։
«Խորհրդարանական ընդդիմության գործողություններն անպտուղ են, էժան շոուներ են բեմադրում։ Ես կարծում եմ՝ հանրությունը, նայելով ընդդիմության բեմադրած շոուն, իր հերթական հիասթափությունն է ապրում հայաստանյան քաղաքական համակարգից, մասնավորապես՝ խորհրդարանից»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է «Հայաստան» և «Պատվ ունեմ» խմակցությունների Արցախ մեկնելուն, Ջուլհակյանն ասաց՝ վերջապես ընդդիմությունը հասկացել է, որ Արցախի պաշտպանությունը կարող են միայն այնտեղ իրականացնել և ոչ թե Երևանի կենտրոնում։
«Այն, որ ընդդիմությունը որոշել է շեփորահարելով գնալ Արցախ, բնավ չի խոսում նրա մասին, որ նրանք տոգորված են արցախյան հարցով և խնդիրներով։ Արցախ գնալը միայն շոուների շրջանակներում չպետք է լինի։ Պետք է Արցախ գնալ միշտ»,- հավելեց նա։
Անդրադառնալով՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքների մասին աղմկահարույց հայտարարությանը՝ իշխանական պատգամավորը ընդգծեց, որ եռանախագահության ձևաչափի չեղարկման հարցում շահագրգռված է Ադրբեջանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը պարբերաբար այդ մասին խոսել է՝ մինևնույն ժամանակ փորձելով առհասարակ մեկուսացնել Մինսկի խումբը հնարավոր բանակցություններից։
Ջուլհակյանի համոզմամբ՝ այս առումով իշխանոթյունը պետք է ջանքեր գործադրի, որ Մինսկի խմբի մասնակցությունը գործընթացին դառնա էլ ավելի առարկայական։
Հիշեցնենք՝ ՌԴ և ՀՀ ԱԳՆ նախարարների հեն հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբում, և չգիտի՝ ինչ կլինի խմբի հետ ապագայում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







