ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր Արմեն Փամբուխչյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Փամբուխչյանն ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։
Ավելի վաղ՝ ապրիլի 1-ին, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից:
Փամբուխչյանը ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին Երևանում: 2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
2006թ. ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
2007-2008թթ. աշխատել է «Հուսալի պաշտպանություն» ՍՊԸ իրավաբանի օգնական: 2009-2011թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ անվտանգության աշխատակից, 2011-2014թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային մասնագետ, ավագ վարկային մասնագետ, 2014-2015թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ խնդրահարույց վարկերի դեպարտամենտի մասնագետ, 2015-2017թթ.՝ «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար: 2017թ.՝ «Անելիք բանկ» ՓԲԸ խնդրահարույց ակտիվների կառավարման վարչության ղեկավար: 2017-2018թթ.՝ «Մոգո» ՈՒՎԿ ՍՊԸ խնդրահարույց հաճախորդների հետ աշխատանքի վարչության պետ: Եղել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, ապա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ:
2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանով, «ՀՕՊ զորքերի լավագույն օպերատոր» պատվոգրով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






