Ռուսաստանը, որպես առանցքային դաշնակից, կշարունակի օգնել Հայաստանին ամրապնդել իր պաշտպանունակությունը և ապահովել սահմանների անվտանգությունը։ Այս մասին ուրբաթ օրը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է երկու երկրների փոխգործակցության մի շարք այլ ոլորտներ։
Տնտեսական համագործակցություն
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկեր և օտարերկրյա ներդրող, կշարունակի նոր նախագծեր փնտրել՝ ապահովելու փոխադարձ առևտրի կայունությունը, մեծացնել արտադրական կարողությունները և ստեղծել նոր աշխատատեղեր։
«Այժմ պատրաստվում է առաջարկների ևս մեկ փաթեթ՝ էականորեն լրացնելու ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում»,- ասել է Լավրովը։
Մարդասիրական համագործակցություն
Լավրովի խոսքով՝ հումանիտար համագործակցության և ընդհանուր կրթական ու լեզվական տարածքի ամրապնդման համատեքստում Ռուսաստանը կաջակցի հայկական մշակույթին և հայոց լեզվին։ Երկու երկրների միջև կրթական, մշակութային և հումանիտար համագործակցությունը ՌԴ ԱԳՆ ղեկավարն անվանել է «ավանդական սերտ և մեծ հետաքրքրություն մեր քաղաքացիների համար»։
«Մենք ընդհանուր առմամբ շահագրգռված ենք մեր երկրների միջև կրթական, գիտական և լեզվական տարածության ամրապնդմամբ։ Իհարկե, մենք աջակցելու ենք հայկական մշակույթին և հայոց լեզվին Ռուսաստանի Դաշնությունում»,- ասել է Լավրովը։
Հարավային Կովկասը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը
«Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ կան երեք խումբ պայմանավորվածություններ, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով՝ 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին և նոյեմբերին։ Մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը նրանց մանդատի խիստ համապատասխան»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև նշել է, որ միջազգային օրակարգի շրջանակներում նախատեսվում է քննարկել համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ հարթակներում։
«Հիմա Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում, և այդ պատճառով անհրաժեշտություն կա համեմատելու այն ծրագրերը, որոնք Հայաստանը ներկայացրել է ՀԱՊԿ անդամներին»,- ընդգծեց նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ այսօր երկրները կստորագրեն արտաքին գործերի նախարարությունների միջև առաջիկա երկու տարվա խորհրդատվությունների պլանը և հույս հայտնեց, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա ձեռք բերել պայմանավորվածություններ, որոնք կնպաստեն հարաբերություններն «է՛լ ավելի առաջ մղելու»։
Նշենք, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է՝ ապրիլին նախատեսված Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների գագաթնաժողովի նախաշեմին։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը փակ զրույցից և ընդլայնված կազմով հանդիպման արդյունքում ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ.-ի համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






