Հասարակության ժամանակակից իրողությունները, մշտապես փոփոխվող կենսապայմաններն ու ժամանակի նոր մարտահրավերները խորհրդարանական աշխատանքի համատեքստում հրատապ խնդիրներ են կազմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Ալմաթիում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հանդիսավոր նիստում՝ կազմակերպության 30-ամյակի կապակցությամբ։
«Մենք հետևում ենք, թե ինչպես են անվտանգության խնդիրները ժամանակակից աշխարհում օրեցօր սրվում»,- ասաց Սիմոնյանը։
Հայաստանը, նրա խոսքերով, հանդես է գալիս ԱՊՀ անդամ երկրների հետ հավասար, փոխշահավետ համագործակցության զարգացման օգտին՝ հաշվի առնելով միմյանց շահերը։
«Թեև մենք հավաքվել ենք այստեղ՝ միասին նշելու վերջին 30 տարիների մեր համատեղ աշխատանքի ձեռքբերումներն ու արդյունքները, ես չեմ կարող չանդրադառնալ այն իրավիճակին, որը հիմա ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ։
Այս տարվա մարտի 24-ին ադրբեջանական զինուժը ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ, որը գտնվում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ այս գործողությունները հերթական անգամ հանգեցրել են մարդկային զոհերի, 15 մարդ վիրավորվել է, երեքը՝ մահացել։
Մենք ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը գործնական քայլեր կձեռնարկի իրավիճակը կարգավորելու և նոր զոհեր ու ռազմական գործողություններ թույլ չտալու և մարտի 23-ին ադրբեջանական ուժերին իրենց դիրքերը վերադարձնելու ուղղությամբ»,- ասել է Սիմոնյանը՝ նկարագրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Ղարաբաղում իրավիճակը շատ լարված է․ Ադրբեջանի նման գործողությունները, նրա խոսքով, կարող են հանգեցնել տարածաշրջանում նոր էսկալացիայի։
Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ՊՆ հասցեական հայտարարությունը, որը, սակայն, հանդիպել է ադրբեջանական կողմի հակազդեցությանը։
«Դեռևս կան մի շարք չլուծված հետպատերազմյան հումանիտար և այլ խնդիրներ։ Մասնավորապես, դեռևս չի լուծվել հայ ռազմագերիների, պատանդների և այլ անձանց հարցը, որը, ըստ հենց Ադրբեջանի հաստատած տվյալների, 38 է։
Նա կտրուկ բարձրացնում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական պատմամշակութային ու հոգեւոր ժառանգության պահպանման հարցը։
Հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների երաշխավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս հակամարտությունը ոչ թե տարածքային, այլ իրավունքների հարց է։ Այս համատեքստում կարևոր ենք համարում Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության լիարժեք կատարումը։
Մենք պատրաստ ենք երկխոսության, որը պետք է հանգեցնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ուստի վերահաստատում ենք մեր ձևակերպված դիրքորոշումը և առաջարկում Ադրբեջանին անհապաղ սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման շուրջ»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






