«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները` մարտի 13-ին պաշտոնապես երդվեց: Սակայն մինչ օրս նախագահականի աշխատակազմը չի ձեւավորվել: Ընդամենը նախագահի մեկ օգնական է նշանակվել` ի դեմս Արմեն Ներսիսյանի: Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ ռեֆերենտներ: Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է վերջինիս հետ, ոմանք ավելի ուշ ազատվեցին: Տեղեկություններ են պտտվում, որ նախագահն ինքը չի ձեւավորելու իր աշխատակազմը, նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր»:
«Իրավունք» թերթը գրում է. «Արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմությունն Ազգային ժողովում կայացած լսումների ժամանակ ստեղծված իրավիճակից ելք էին փնտրում, ինչը վերաճեց իրար հեգնելուն: Մասնավորապես` Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը առաջարկեց համազգային համաձայնության խորհուրդ ստեղծել, որը կարող է հիմք լինել ապագա ստվերային կաբինետի ստեղծման համար` ներառելով նաեւ Արցախը: Ավելին` նա առաջարկեց հրատապ համաժողով հրավիրել: Ստվերային կաբինետ ձեւավորելու վերաբերյալ չուշացավ նաեւ ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի արձագանքը: Ոչ ավել, ոչ պակաս նա հետաքրքրվեց Արամ Գասպարիչից, թե արդյոք իրենց «ստվերային կառավարության վարչապետի թեկնածուն դեռ Տիգրան Արզաքանցյանն է»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ընդդիմության առաջարկով իշխանությունները փակ նիստ հրավիրեցին` քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը: Նիստին որպես «հատուկ հյուր» հրավիրվել էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Ընդդիմությունը, սակայն, նիստից դուրս եկավ զայրացած ու հիասթափված: Ոմանք նիստի կեսից դուրս եկան` համարելով, որ ոչ մի նոր բան չեն լսելու: Ավելի ուշ մեզ ասացին, որ Արցախի կարգավիճակի հարցով ոչ մի հստակ բան չեն հայտարարել իշխանությունները։ Չեն ասել ավելին, քան հրապարակավ են ասում: Միայն ակնարկել են, թե իրենք բանակցություններում առաջ են մղում Արցախի ինքնորոշման հարցը, բայց չեն խոստացել, որ չեն քննարկելու Արցախի կարգավիճակի հարցն Ադրբեջանի կազմում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի թեմայով փակ քննարկմանը Արարատ Միրզոյանը, ներկաների հավաստմամբ, լարված է եղել եւ ագրեսիվ։ Նա ընդդիմադիրներից մեկին մեղադրել է ագենտության մեջ․ «Ձեր հարցը ծնվել է այլ երկրի մայրաքաղաքում»։ Ակնարկել է, որ ինքը ծանր բեռի տակ է մտել, պետք չէ սադրել։
Ընդդիմադիրները փորձել են կորզել մի հարցի պատասխան՝ արդյոք իշխանությունն Արցախը դիտարկո՞ւմ է Ադրբեջանի կազմում` որեւէ կարգավիճակով։ Ի զարմանս ներկաների, Միրզոյանն անգամ տեսախցիկների բացակայությամբ չի ասել «ոչ»։ Դիվանագիտորեն ցրել է հարցը, թե՝ ես 5 կետերի մասին արդեն տեսակետ հայտնել եմ, դրանք ընդունելի եւ քննարկելի են ՀՀ-ի համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







