Փետրվարի 25-ին Եվրոպայի խորհուրդը կասեցրեց այդ կազմակերպությունում Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքները։
Հայաստանի ԱԳՆ-ն Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է, թե ինչու է դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացվածության իրավունքի կասեցմանը:
«Հայկական կողմի կարծիքով՝ մինչև կասեցման մասին որոշում կայացնելը, որն ըստ էության ծայրահեղ դեպքերում կիրառության ենթակա ընթացակարգ է, ԵԽ-ում առկա են նաև այլ ընթացակարգեր, որոնք հնարավոր էր գործի դնել»,- աղբյուրի հաղորդմամբ՝ նշված է ԱԳՆ գրավոր պատասխանում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կասեցրել է Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքը՝ կանոնադրության երրորդ հոդվածի կոպիտ խախտման առնչությամբ․ այն պարտավորեցնում է բոլոր անդամներին ճանաչել օրենքի գերակայության սկզբունքը։
Կանոնադրության ութերորդ հոդվածով՝ այս դեպքում պետությունը զրկվում է ներկայացուցչության իրավունքից ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում, Նախարարների կոմիտեում և այլ մարմիններում։ Նախարարների կոմիտեն կարող է պետությանն առաջարկել դուրս գալ ԵԽ-ից, իսկ մերժման դեպքում՝ հեռացնել նրան։
Որոշումն ուժի մեջ է մտել անհապաղ՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների հետևանքով։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին հեռուստաուղերձում ասել էր, որ անհրաժեշտ է համարում անհապաղ ճանաչել ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունը, և ստորագրել է համապատասխան հրամանագրեր։ Փետրվարի 24-ի առավոտյան Պուտինը հայտարարեց Դոնբասում ռազմական գործողություն սկսելու մասին։ Դիմելով ուկրաինացի ժողովրդին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի վրա հարձակվել են հյուսիսից, հարավից, արևելքից, իսկ Դոնբասում զինվորականները ծանր մարտեր են մղում։ Նա ասել է, որ Ուկրաինայի իշխանությունները որոշել են խզել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






