ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ստեղծվեց լարված իրավիճակ։ Նիստը վարող Հակոբ Արշակյանը նիստերի դահլիճից դուրս հրավիրեց ընդդիմադիր մի քանի պատգամավորի։
Իրավիճակը լարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցի ընթացքում։ Վերջինս վարչապետից հետաքրքրվեց՝ ինչ հետևանքներ են լինելու ՀՀ քաղաքացիների համար գազի թանկացումից հետո, ինչ հետևանքներ կլինեն ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներից հետո։
«ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներն օրեցօր խստացվում են։ Քանի որ Դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները, ինչ քայլեր եք ձեռնարկում»,-ասաց պատգամավորը՝ դիմելով Փաշինյանին։
«Ես հիմա պաշտոնապես պահանջում եմ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններից, որ դիրքորոշում արտահայտեն՝ ի վերջո Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի։ Եթե առաջինը, ինչու են ձեր լիդերները բանակցել դրանց հանձնման վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դա չապացուցելու դեպքում հայրենիքի դավաճանության հոդվածով նրանց երկու լիդերների նկատմամբ պետք է քրեական գործեր հարուցվեն։
Պատգամավորն արձագանքեց՝ գործադիրի ներկայացուցիչն իրավունք չունի իրենց հետ խոսել «մատ թափ տալով»։
Փաշինյանն էլ պատասխանեց․ «Ով ինձ ասի, որ հող եմ հանձնել, իրենց հետ «մատով եմ խոսել ու մատով եմ խոսելու»»,- ասաց նա։
Արշակյանը մի քանի ընդդիմադիր պատգամավորի նկատողություն հայտարարեց, սակայն լարված մթնոլորտը չանցավ։ Նա դահլիճից դուրս հրավիրեց մի քանի ընդդիմադիր պատգամավորի, որից հետո դահլիճը լքեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







