Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթն է մշակում Ուկրաինայում նրա ռազմական գործողության պատճառով։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, փոխանցում է TACC-ը։
«Մենք արդեն խիստ պատժամիջոցներ ենք կիրառել։ Աշխատում ենք չորրորդ փաթեթի վրա։ Ուրբաթ օրը տեղի կունենա [ԵՄ] արտգործնախարարների հատուկ հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ»,- ասել է նա։
Շալենբերգը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակող միջոցներն արդեն իրենց ազդեցությունն են ունեցել։ «Շուկաները փակ են. ռուբլին զգալիորեն անկում է ապրում, Եվրամիությունն առաջին անգամ ցույց տվեց իր մկանները»,- հավելեց նա։
Ավստրիայի արտգործնախարարի խոսքով՝ նոր պատժամիջոցները կազդեն խոշոր գործարարների վրա, հատուկ ցուցակներ են պատրաստվում։ «Հաջորդ հիմնական թիրախը լինելու են օլիգարխները»,- ասել է Շալենբերգը։ «Աշխատում ենք, արդեն նոր ցուցակներ կան»:
Նախարարը նաև ասել է, որ կարող են լինել այլ պատժամիջոցներ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի ապառազմականացման համար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին երկրի ռազմական ենթակառուցվածքի վրա հարձակվելու մեջ և ռազմական դրություն է մտցրել ամբողջ երկրում՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Փետրվարի 28-ին Գոմելում կայացել են բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի համաձայն՝ բանակցությունների առանցքային հարցը հրադադարի անհապաղ դադարեցումն է և զորքերի դուրսբերումն Ուկրաինայի տարածքից։
Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցություններից հետո ասել է, որ կողմերը «որոշ կետեր են գտել, որոնց վերաբերյալ կարող են ընդհանուր դիրքորոշումներ կանխատեսել»։ Բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է մարտի 2-ին։ Մինչդեռ ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար Սերգեյ Շոյգուն մարտի 1-ին հայտարարել էր, որ ռուսական բանակը կշարունակի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում, քանի դեռ չեն հասել իրենց առջև դրված նպատակներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







