«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետն արդեն 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։ Սակայն մենք տեղեկացանք, որ դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել՝ հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։
«Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, եւ տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասաց մեր աղբյուրը։ Այսինքն, ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։ Որոշ տեղեկություններով, մարտի կեսին Ավինյանը կնշանակվի եւ փաստացի կստանձնի Երեւանի կառավարումը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Ես դեռեւս մեկ տարի առաջ ասել էի, որ Արտակ Դավթյանին նշանակել են, որ բանակն ամբողջությամբ քանդի, հիմա երեւի միսիան իրագործվել է: Այսքանը կարող եմ ասել»,-«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի ազատմանը, ասաց ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրերս «Իրավունքը» ներկայացրել էր իր լուրն այն մասին, որ առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում ՀՀ ՊՆում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դատական համակարգի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող Գագիկ Ջհանգիրյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաշվից դուրս է գալիս, որպեսզի այսօր նշանակված դատավորների ընդհանուր արտահերթ ժողովը տապալվի:
Արտահերթ ժողով հրավիրելու պահանջի տակ ավելի քան 100 դատավոր է ստորագրել, փետրվարի 18-ին որոշվեց, որ այսօր՝ փետրվարի 25-ին, կգումարվի արտահերթ ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում։
Ջհանգիրյանը փորձում է սպառնալիքների միջոցով դատավորներին հետ պահել ժողովին մասնակցելուց՝ համոզված լինելով, որ միությունը կընդունի դատական իշխանության անկախության դեմ իշխանությունների ոտնձգությունները դատապարտող հայտարարություն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ ռուսական ռուբլին արժեզրկված է: Արդյունքում հայաստանցի գործարարները, որոնք արտահանում են իրականացնում դեպի Ռուսաստանի Դաշնություն, հայտնվել են բարդ իրավիճակում: Մասնագետների կանխատեսմամբ՝ վերջին օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով արտահանման ծավալները կարող են էականորեն նվազել: Բնականաբար, արժեզրկման այս նոր ալիքը լրացուցիչ մտահոգությունների տեղիք է տալիս եւ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Այս պատճառով ՀՀ տնտեսվարողները, գործարարները, որոնք որ կապ ունեն ռուսական շուկայի հետ, կրում են հսկայական վնասներ»։
«Իրավունք» թերթը գրում է. «Օդում կախված լուրերի համաձայն, 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի աշխատանքներին ներգրավվելու առաջարկ է արվել նաեւ ԱՀ անվտանգության նախկին քարտուղար Սամվել Բաբայանին: Սակայն նա իր պայմաններն է թելադրել եւ տեղեկացրել, որ բացառապես այդ պայմանները բավարարելուց հետո կներգրավվի այդ աշխատանքներին:
Ըստ նույն լուրերի, Բաբայանն առաջարկել է պաշտպանության նախարարի տեղակալներից մեկին օժտել առանձնահատուկ լիազորություններով, որպեսզի նա կարողանա առանց որեւէ մեկի հետ քննարկելու հանձնաժողովին տրամադրել այդ ժամանակահատվածին վերաբերող ցանկացած տեղեկատվություն եւ, առհասարակ, այն բոլոր տվյալները, որոնք կարող են լույս սփռել իրավիճակի բացահայտմանը: Իշխանականների շրջանում տարածված լուրերի համաձայն, Բաբայանի առաջարկն ընդունվել է միայն ի գիտություն»
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







