Ավարտվել է Հայաստան-ԵՄ խորհրդարանական կոմիտեի երկրորդ նիստը, որի արդյունքներով կոմիտեի համանախագահները՝ ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալյուրանդը, ստորագրել են համատեղ հայտարարություն: Այն մոտ ժամանակներս կհրապարակվի:
Հաջորդ նիստը տեղի կունենա 2023 թվականին, Բրյուսելում։ Մինչ այդ աշխատանքը կշարունակվի տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ առցանց և օֆլայն ռեժիմով։ Ինչպես մամուլի ասուլիսում նշել է Արման Եղոյանը, նիստի շրջանակներում տեղի են ունեցել շատ կարևոր քննարկումներ, որոնք վերաբերում են Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Եղոյանը երախտագիտություն է հայտնել Մարինե Կալյուրանդին Հայաստանի համար շատ կարևոր տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հստակ եւ անկողմնակալ դիրքորոշման համար:
Կալյուրանդն անդրադարձել է Արցախյան հիմնահարցին, կարևորել ռազմագերիների վերադարձը:
Մարինա Կալյուրանդն իր ելույթում նշել է, որ պատերազմը երբեք լուծում չէ: Նշելով, որ հայ ժողովուրդը վերջերս է բախվել պատերազմի և լավ կհասկանա, թե ինչ է այն իրենից ներկայացնում, այդ համատեքստում նա անդրադարձավ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես դիմում եմ բոլոր երկրներին՝ նաև Հայաստանին, կանգնել Ուկրաինայի ժողովրդի կողքին»:
Մարինա Կալյուրանդն ընդգծել է, որ ԵՄ-ն ողջունում է Հայաստանում իրականացվող բարեփոխումները: Ժողովրդավարության զարգացման առումով Հայաստանը, ըստ նրա, դարձել է տարածաշրջանի առաջատարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






