Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը Արցախի ուղղությամբ տարբեր բնույթի սադրանքների է գնում։ Դրանք դրսևորվում են հրադադարի խախտումներով՝ որքան հասկանում եմ որ միայն հրաձգային զենքերից, ապատեղեկատվության չափաբաժնի մեծացմամբ և այլն։ Այս մասին իր facebook-յան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«ՌԴ-ն Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացմամբ փորձելու է Ադրբեջանին առավելագույնս կանխատեսելիության դաշտում պահել, սակայն Թուրքիայի շունչն Ադրբեջանի թիկունքում ավելացնում է սահմանային միջադեպերի և, առհասարակ, հրադադարի խախտումների հավանականությունը։ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ Թուրքիան ունի հստակ հակառուսական դիրքորոշում և ՌԴ ծավալած օպերացիային ի պատասխան փոքր մասշտաբի սադրանքներ Արցախի և ՀՀ-ի ուղղությամբ բացառելի չեն։
Այստեղ խնդիրը նույնիսկ Ադրբեջանի ցանկությունը չէ, կա վտանգ, որ Թուրքիայի նախաձեռնությամբ փորձ կարվի որոշակի ապակայունացում մտցնել մեր տարածաշրջանում՝ ստիպելով ՌԴ-ին լրացուցիչ ջանք և ռեսուրս մշտապես ապահովել Հարավային Կովկասում։ Ի դեպ, այս վտանգը կա նաև այն տարածաշրջաններում, որտեղ ՌԴ-ն ակտիվ ազդեցության պայքարի մեջ է Թուրքիայի կամ այլ դերակատարների հետ։ Այնպես որ ՀՀ-ում և Արցախում զգոնությունը բարձրացնելու անհրաժեշտություն կա և սա առաջին հերթին վերաբերվում է հատկապես ներքին և արտաքին անվտանգությունը ապահովող կառույցներին»,- գրել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսներին ուղղված ուղերձում հայտարարել է, որ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել Դոնբասում։ Ռուսական պետության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ծրագրերը չեն ներառում Ուկրաինայի օկուպացիան, սակայն Մոսկվան կձգտի դրա ապառազմականացմանը։ Ավելի վաղ ՌԴ-ն ճանաչել էր Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






