Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է: Այս առիթով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը բարձրաստիճան պետական ու զինվորական այրերի և մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ այսօր՝ Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳ նախարարությունից, ինչպես նաև ԱՀ նախագահի Ֆեյսբուքյան էջից:
Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին:
Իր ուղերձում ԱՀ նախագահն իր ուղերձում շնորհավորել է Արցախի վերածննդի օրը:
«Մեր պայքարը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այն հասցնենք բաղձալի վերջնակետին: Փա՛ռք ու խոնարհում Հայոց պետականության համար նահատակված բոլոր հայորդիներին, բոլոր նրանց, ովքեր Հայրենիքի պաշտպանությունը համարել ու համարում են սրբազան պարտքի գիտակցում…»,-ասել է Ա. Հարությունյանը:
ԱՀ ՆԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ 34 տարի առաջ հենց այս օրն Արցախի տարեգրության մեջ պատմական ու բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ:
«Արդար էր արցախահայության պահանջը. Դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։ Առաջին ու ճակատագրական որոշումը 1988 թվականի փետրվարի 20-ին կայացվեց. Ադրբեջանական կողմը Արցախի ` Հայաստանի հետ վերամիավորման որոշմանը պատասխանեց ագրեսիայով՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերով։ Հակասությունները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետև` տևական այրունահեղ պատերազմի:
Համազգային հանրահավաքներին հաջորդեց 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն։ Ընտրողների 99.8%-ը կողմ էր Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության ստեղծմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







