ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը։ Այս մասին ասված է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության վերաբերյալ 2021 թվականի զեկույցում։ Եվրախորհրդարանը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ է անում շուտափույթ վերադառնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր միջնորդական առաքելությանը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա:
Եվրախորհրդարանը նաև կոչ է անում ԵՄ-ին և անդամ պետություններին ակտիվորեն մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեխանիզմների որոնումներին, կանխել տարածաշրջանում լարվածության հետագա աճը։ Նշվել է նաև հետպատերազմյան խնդիրների լուծման, բոլոր ռազմագերիների ազատման, նաև սահմանագծման և սահմանազատման հարցում քայլեր իրականացնելու անհրաժեշտության մասին։
Զեկույցում ընդգծվում Է Հարավային Կովկասում ԵՄ և ԵՄ-ի անդամ պետությունների մասնակցության ընդլայնման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս պետք չէ, քանի որ, ըստ նրա, Արցախյան խնդիրն արդեն լուծվել է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






