Երկուշաբթի տեղի է ունեցել Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Հոսեյն Ամիր Աբդոլահիյանի հեռախոսազրույցը։
Զրույցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ողջունել է Իրանում Հարավկովկասյան «3+3» պլատֆորմի հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին պայմանավորվածությունները՝ հույս հայտնելով, որ այդ հանդիպումը կնպաստի տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, հաղորդում է Tasnim գործակալությունը: Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում «3+3» պլատֆորմի առաջիկա նստաշրջանը թույլ կտա հասնել կոնսենսուսի և սիներգիայի՝ տարածաշրջանային համագործակցության խորացման համար՝ ի շահ տարածաշրջանի երկրների և ժողովուրդների:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ նախարարները նաև քննարկել են Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների միտումները և տարածաշրջանային և միջազգային մակարդակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող որոշ հարցեր, ներառյալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ ստեղծված իրավիճակը Վիեննայում շարունակվող բանակցությունների համատեքստում: Քննարկվել են նաև ԻԻՀ Նախագահ Ս. Է. Ռաիսիի Մոսկվա կատարած այցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումն ու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







