Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է «Թարթառի գործով» ձերբակալված զինծառայողների նկատմամբ կտտանքների կիրառման մեղավոր 4 անձանց ձերբակալման մասին:
«Անցած ժամանակահատվածում հայտնաբերվել է 163 նոր տուժող, ընդամենը 281 մարդ։ Նրանք բոլորն էլ տուժել են խոշտանգումներից և այլ հակաիրավական գործողություններից։ Նրանք հանգամանորեն հարցաքննվել են, անցկացվել է նրանց դատաբժշկական փորձաքննությունը»,- հայտնում է Turan պարբերականը՝ վկայակոչելով Գլխավոր դատախազությանը։
Բացի այդ, գլխավոր դատախազի տեղակալը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ դատական որոշումները վերացնելու և պետական դավաճանության մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված 16 անձանց նկատմամբ լրացուցիչ քննություն անցկացնելու համար, սակայն այն բանից հետո, երբ այդ մեղադրանքը չի հաստատվել, դատապարտվել են զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ուժային կառույցները նախաքննություն են սկսել 2017-ին Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող զինծառայողների խոշտանգումների հարցով։ Ե՛վ իշխանությունների, և՛ իրավապաշտպանների տվյալներով՝ խոշտանգումներից տուժել է ավելի քան 100 մարդ, կան նաև զոհեր։ Ավելի վաղ, այսպես կոչված, «Թարթառի գործի» շրջանակներում ազատազրկման են դատապարտվել խոշտանգումներ իրականացնողներից մի քանիսը, սակայն տուժածների հարազատներին սա չի գոհացնում։
«Թարթառի գործ» են անվանում 2017 թվականի մայիս-հունիս ամիսներին տեղի ունեցած զանգվածային խոշտանգումների գործը։ Ադրբեջանցի զինվորականները ձերբակալվում և դաժան խոշտանգումների էին ենթարկվում։ Նրանց տանում էին Թարթառի շրջանում գտնվող հին վարչական շենքերից մեկը և կտտանքների միջոցով ստիպում խոստովանել, որ լրտեսություն են արել Հայաստանի օգտին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







