«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն է իրականացվել, եւ ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազության եւ Հակակոռուպցիոն կոմիտեի ջրերը մեկ առվով չեն հոսում, եւ հակասություններն արդեն տեղափոխվել են հրապարակային դաշտ: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ դատախազությունը պատերազմ է հայտարարել Հակակոռուպցիոն կոմիտեին: Բանն այն է, որ դատախազությունը նախկին պաշտոնատար անձանց դեմ հարուցված քրեական գործերով մեղադրանքները չի հաստատում եւ դատարան չի ուղարկում, այլ հետ է ուղարկում Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ նոր հանձնարարականներ տալով: Օրինակ՝ Գլխավոր դատախազությունը վերացրել էր ՀՔԾ-ի (այսօրվա Հակակոռուպցիոն կոմիտեի) որոշումը՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքով, եւ ուղարկել է ՀՔԾ՝ կրկին քննություն իրականացնելու, որտեղ էլ արդեն հարուցվել է քրեական գործ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»:
Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը, փաստորեն, Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը, կամ, Փաշինյանի ասած, +/- 700 մահ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահման մեկնելիս միշտ խմբում ընդգրկում էին КГБ-ի գործակալի։ Դա բոլորը գիտեին։ Բայց որ ԽՍՀՄ փլուզումից 30 տարի հետո՝ ՀՀ վարչապետի 2022թ․ հունվարի 5-ի որոշմամբ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովում կընդգրկվեին մեկ ծպտյալ կագեբեշնիկ կապիտան ու եւս մեկ ցածրաստիճան՝ ԱԱԾ-ից, աներեւակայելի էր։
Այս տարվա հունվարի 24-28-ը Իրկուտսկում կայանալու է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստը։ Վարչապետի որոշմամբ, ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանի գլխավորությամբ 10 հոգի գործուղվելու է ՌԴ։ Նրանց թվում են նաեւ նշված երկու հոգին»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







