Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է փաստաթուղթ այն մասին, ինչի մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ փոխնարարար Արման Սարգսյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Գեղամ Մանուկյանը դեռ 2021-ի տարեվերջին տրված ասուլիսում հայտարարել էին, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն են ստորագրել հայկական զորքերը Սյունիքից հետ քաշելու փաստաթուղթը։
Այսօր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց․ «Մի քանի շաբաթ առաջ բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ հակառակ իշխանությունների մեկ տարվա պնդմանը՝ Սյունիքում ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, հանգամանքների պարտադրանքով, այլ դավադիր հուշագրի հիման վրա։ Իմ հայտարարությունից հետո Մելքոնյան Գագիկն ասել էր, որ իբր Գեղամ Մանուկյանը ռուսներից կամ ադրբեջանցիներից է ստացել այդ փաստաթուղթը»։
Մանուկյանը, դիմելով պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, այսօր ասել է․ «Խնդրում եմ, Մելքոնյան Գագիկին պատմեք, որ էդ փաստաթուղթը ՊՆ-ում է դրված, լավ էլ Վաղարշակ Հարությունյանը ստորագրել է, մի տարի գաղտնի են պահել ժողովրդից, ասել են՝ բանավոր է, այնինչ, պարզվում է՝ լավ էլ գրավոր է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







