Փարաքարի «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների միասնական թեկնածու Դավիթ Մինասյանն ընտրվեց Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց ավագանու 11 անդամ։
Հայտարարվեց, որ առաջիկա 5 տարիներին նա կիսելու է համայնքի կառավարումը, ինչը նշանակում է, որ 2,5 տարի կառավարելու է Դավիթ Մինասյանը, հաջորդ 2,5 տարին՝ Լյուդվիգ Գյուլնազարյանը։ Վերջինս ՔՊ-ի թեկնածուն էր:
Հիշեցնենք, որ շուրջ 2 շաբաթ տևած գործընթացներից հետո այսօր Փարաքարի համայնքապետարանում շարունակվող նիստի ժամանակ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները վայր դրեցին մանդատները։ Արդեն 2 շաբաթ է՝ այս համայնքում չին կարողանում ընտրել համայնքի ղեկավարին։
«Հանուն մեր ժողովրդի, հանուն համերաշխության վայր ենք դնում մանդատները»,-հայտարարեց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։
Հավելենք նաև, որ այսօրվա նիստին ներկա է նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք նաև, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Փարաքար համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ, եւ 10 ձայնով նրանց թեկնածուն՝ Վոլոդյա Գրիգորյանը, ընտրվել է համայնքի ղեկավար: Թեեւ 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է մեկ թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով: Դրանից հետո եկել էին ավագանու մնացած 11 անդամները եւ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը, որը «Դավիթ Մինասյան» դաշինքի թեկնածուն է: Նրան էին ընտրել նաև ՔՊ-ի անդամները:
Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






