Ղազախստանի հանրապետության նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել քաղաքացիներին համախմբվել գործող նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ ճգնաժամը հաղթահարելու և երկրի ամբողջականությունն ապահովելու համար։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով պետության նախկին նախագահի մամուլի քարտուղարին։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ Նազարբաևն այժմ Նուր-Սուլթանում է։ Ավելի վաղ ենթադրություններ էին հնչել, թե Նազարբաևը մեկնել է Չինաստան։ Նա հորդորել է գիտակցաբար սուտ տեղեկություն չտարածել, Նազարբաևը անցկացնում է մի շարք խորհրդատվական հանդիպումներ, անմիջական կապի մեջ է Տոկաևի հետ:
Նշենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվեցին հունվարի 2-ից։ Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Ըստ ԱԳՆ-ի՝ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







