ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր՝ հունվարի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այս մասին հայտնում են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ գլխավոր քարտուղարը Փաշինյանին տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կարգավորման նպատակով հունվարի 6-ին ընդունված Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման մանրամասների մասին:
Ստանիսլավ Զասը նաև հայտնել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ուղղությամբ կազմակերպչական հարցերի լուծման ընթացքի մասին:
Ներկայումս Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով շարունակվում է խաղաղապահ զորակազմերի տեղափոխումը Ղազախստան:
ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրներն են պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունը, իրադրության կայունացման գործում Ղազախստանի Հանրապետության իրավակարգի ուժերին աջակցության ցուցաբերումը և իրավական դաշտ վերադառնալը:
Նշենք, որ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվեցին հունվարի 2-ից։ Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Իշխանությունները հայնտեցին, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարեց, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում՝ արտաքին միջամտության հետևանքով, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։
Հավելենք, որ ՀՀ զինված ուժերը ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստանի Հանրապետություն են գործուղել խաղաղապահ ստորաբաժանում (թվով` 100 զինծառայող)։
Ըստ ԱԳՆ-ի՝ առաքելության ընթացքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը կիրականացնի բացառապես ռազմավարական նշանակության շենք-շինությունների և ենթակառուցվածքների պահպանության գործառույթներ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







