Ադրբեջանի ԶՈՒ — ն 2021 թվականին անցկացրել է շուրջ 900 զորավարժություն։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հաղորդել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Անար Էյվազովը։
Նրա տեղեկատվություններով՝ խոսքը գնում է ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի, հատուկ նշանակության ուժերի և Նախիջեւանի առանձին համազորային բանակի ստորաբաժանումների հետ հրամանատարաշտաբային, մարտավարական, հատուկ-մարտավարական և սիմուլյացիոն զորավարժությունների մասին:
Էյվազովը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կատարելագործել է երկրի զինված ուժերի կազմակերպչական-հաստիքային կառուցվածքը, ստեղծվել են «ցամաքային զորքերի հրամանատարությունը և նոր ռազմական միավորումը»:
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ կշարունակի ռազմական ոլորտում սերտ փոխգործակցությունը:
Նրա խոսքով՝ «Ադրբեջանին անցած տարածքներում տեղակայված զորամասերի օպերատիվ և մարտական պատրաստության մակարդակի բարձրացման, ինչպես նաև մարտական խնդիրների կատարման համար հատուկ պայմաններում ստեղծվել են օպերատիվ (Կոմանդոս) զորամասեր»: Էյվազովը հայտնել է, որ Կոմանդոսը համապատասխան նախապատրաստական դասընթացներ է անցնում Թուրքիայում։
Նա հայտարարել է, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարությունը նոր ռազմական վերափոխումներ է իրականացնում 44-օրյա պատերազմի փորձի վերլուծության հիման վրա և հաշվի առնելով Թուրքիայի ԶՈՒ մոդելը: Ադրբեջանական բարձրագույն ռազմական ուսումնարանի պատրաստության ծրագիրը հարմարեցված է նաև Թուրքիայի ռազմական ուսումնարանների ծրագրերին։
Էյվազովը հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան կշարունակեն համատեղ զորավարժություններ անցկացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







