Անկարայի նպատակն է երկարաժամկետ խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայում անցնող տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում։
«Տարեսկզբից ջանքեր են գործադրվում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Երկխոսության ներկայացուցիչները նշանակվել են փոխադարձ սկզբունքով։ Մոտ ապագայում նախատեսվում է վերականգնել օդային հաղորդակցությունը Ստամբուլի և Երևանի միջև»,- ասել է Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ երկխոսության հարցում Թուրքիան սերտորեն համակարգում է իր գործողությունները Ադրբեջանի հետ։
Չավուշօղլուն նաև հիշեցրել է վերջերս Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով հանդիպումը։ «Նման հանդիպումները նշանակալից են, և Անկարան պատրաստ է ընդունել հաջորդ հանդիպումը։ Այս ձևաչափով երկխոսությունը կկազմակերպվի ռոտացիոն սկզբունքով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը, ապա, Չավուշօղլուի խոսքով, կողմերը հեռախոսազրույցների ընթացքում կհամակարգեն քննարկումների ճշգրիտ ամսաթիվը։
«Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպում անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ առանց միջնորդների ուղիղ շփումներին։ Հուսով եմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կմշակեն երկխոսության ճանապարհային քարտեզ, որն օգտակար կլինի հետագա շփումների հաստատման համար։ Նաև հույս ունեմ, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից հնչեցված դրական ազդակները կհայտնվեն կոնկրետ քայլերի հիման վրա»,- ասել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարը նաև նշել է, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները կորցրել են իրենց նշանակությունը, և այս պահին երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջև երկխոսությունն ավելի արդիական է թվում:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին ասել էր, որ Թուրքիան և Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար կնշանակեն հատուկ բանագնացներ։ Նա նաև հայտարարել էր, որ Երևանի հետ չարտերային թռիչքներ են բացվելու։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 14-ին հաստատել է Երևանի և Անկարայի միջև հատուկ ներկայացուցիչների նշանակման համաձայնագրի առկայությունը։
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը նշանակվել է Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության գործընթացում, իսկ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը նշանակվել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






